Հայաստանում դեղերի ոլորտում մոնոպոլիստներ չկան

Նորություններ

Հայաստանում դեղերի ոլորտում մոնոպոլիստներ չկան

Այս տարի նոյեմբերի 10-13-ը Երեւանում անցկացվելու է «Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով-ցուցահանդես»-ը։ Միջոցառման ընթացքում կիրականացվեն բիզնես հանդիպումներ եւ հայ ներմուծողները, արտադրողները կարող են ծանոթանալ, կապեր հաստատել Հնդկաստանի դեղագործների հետ:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ միջազգային դեղարտադրողների ասոցիացիայի նախագահ Սամվել Զաքարյանը: Վերջինս հավելեց, որ սա կլինի իրենց նորաստեղծ ասոցիացիայի առաջին միջոցառումներից մեկը: Ծրագիրն իրականացնելու համար՝ համագործակցում են Հնդկաստանի կառավարության հետ:

Ասոցիացիայի նախագահի խոսքով՝ իրենց կազմակերպության գլխավոր նպատակներից է Հայաստանը դեղագործական քարտեզի վրա ճանաչված երկիր դարձնելը: Այդ պատճառով անհրաժեշտ է հայ սպառողներին որակյալ, անվտանգ, միջազգային չափանիշներին համապատասխան դեղերով ապահովել: Կազմակերպության նպատակներից է նաեւ ասոցիացիան միացնել Միջազգային դեղարտադրողների եւ ասոցիացիաների ֆեդերացիային:

Սամվել Զաքարյանը վստահ է, որ Հայաստանում ոլորտի հետ կապված դրական փոփոխություններ կլինեն: Դրանցից հատկապես կարեւորեց դեղերի ներմուծման, գրանցման հարցերը հեշտացնելը, նաեւ այն, որ երկրում մրցակցությունը լինի ավելի արդար եւ պարզ: Թեեւ իր խոսքով՝ Հայաստանում դեղերի ոլորտում մոնոպոլիստներ չկան, կան խոշոր ներմուծողներ, արտադրողներ, որոնք ավելի շատ չափերի են արտադրում, քան՝ մյուսները, սակայն նշեց, որ այնուամենայնիվ շուկայում կան մարդիկ, որոնք միմյանց հանդեպ պատշաճ վերաբերմունք չեն դրսեւորում:

Վերջինս վստահ է, որ ոլորտում առկա շատ խնդիրներ կլուծվեն, եթե հաստատվի մի շարք երկրների ներկայացուցիների կողմից ստորագրված «Պատշաճ դեղագործական գործելակերպեր համաձայնագիր»-ը:

«Միջազգային ֆեդերացիային միանալու համար՝ պարտադիր պայման է  համաձայնագրի հաստատումը: Երկրի դեղագործական ոլորտի ներկայացուցիչները ընդունում եւ ստորագրում են այն, որը կարելի է ասել օրենքների հավաքածու է դեղագործների համար»,- նշեց Զաքարյանը:

Ինչո՞ւ այսօր Հայաստանում չեն էժանանում դեղերը հարցի պատճառներից մեկը համարեց 20 % ավելացված արժեքի հարկը: Վերջինիս խոսքով՝ դեղերի վրա նման տոկոսի հարկ ոչ մի երկրում չկա, նույնիսկ հարեւան Վրաստանում, որտեղ դեղերի գինը 2.5-3 անգամ ավելի մատչելի է, քան՝ մեզ մոտ: Հայաստանում նույնպես ժամանակին նման բան չկար, 20 %  ԱԱՀ-ն մտցվեց՝ պատճառաբանվելով, որ հարկից գոյացած գումարով բյուջե է հավաքվելու, որով օգնելու են կարիքավոր ընտանիքներին կամ այն ուղղվելու է  առողջապահական խնդրների լուծմանը, սակայն Զաքարյանի խոսքով՝ ֆոնդերն այդպես էլ չստեղծվեցին:
Նման չափի հարկերը հանելու եւ խնդիրը վերջնական լուծելու համար՝ նամակ են ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Առողջապահության նախարարություն, սակայն դեռեւս ոչ մի պատասխան չեն ստացել: Նախկին կառավարությանը եւս մի քանի անգամ դիմել են, սակայն՝անարդյունք:

Դեղի թանկ լինելու պատճառներից մեկն էլ իր կարծիքով այն է, որ Հայաստանի շուկան փոքր է, դեղարտադրող խոշոր ընկերությունները չեն ցանկանում այստեղի շուկա մտնել, քանի որ իրենց համար ձեռնտու չէ՝ տեղում ներկայացուցչություն պահելը, դեղ գովազդելը:  

Անի Ավագյան